Բանախոս Միքայել Մելքումյանը նախ ներկայացրեց ամբիոնային հետազոտության հիմնախնդիրները
(ՀՀ մրցակցային հարաբերությունների կարգավորում, ընտրված ոլորտներում հարկային հարաբերությունների կատարելագործում և այլն), այնուհետև
անդրադարձավ ակնկալվող արդյունքներին՝ օրենսդրական դաշտի, մրցակցային դաշտի կատարելագործում, երկրի մրցունակության բարձրացում, արտահանման ծավալների ավելացում, միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանքի թողարկում, տարածքային համաչափ զարգացում:
Հետազոտողների խմբի անդամները (հիմնականում ասպիրանտներ) հանդես եկան ելույթներով:
Տ.գ.թ. Արթուր Առաքելյանը ներկայացրեց ապահովագրությունը Հայաստանում տարիներով, թվերով (դրամով), հավաքագրված ապահովագրավճարները և այլն, իր ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրեց եզրակացություններ և առաջարկներ, ասպիրանտ Սուրեն Պարսյանը հանդես եկավ «Գերիշխող դիրքի չարաշահման իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով՝ անդրադառնալով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, առաջարկեց դրանում կատարել մի քանի փոփոխություններ և լրացումներ:
Հաջորդիվ ելույթ ունեցավ դասախոս Մարգարիտա Ավետիսյանը՝ անդրադառնալով հանքագործական արդյունաբերությանը, այնուհետև ասպիրանտ Վարդան Մարությանը ներկայացրեց հարկային հարաբերությունների կարգավորման և քաղաքացիական ավիացիայի ոլորտների մասին իր կատարած ուսումնասիրություները: Հետազոտական խմբի ներկայացուցիչներն առաջարկություններ և եզրակացություններ ներկայացրին:
Տ.գ.դ.,պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանն անդրադարձավ ՀՀ արդյունաբերության, մասնավորապես լեռնահանքաարդյունաբերության թեմային՝ մատնանշելով ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կապված հումքի մշակման հետ: Պրոֆեսորն առաջարկեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որը հնարավորություն կտա հումքն օգտագործել առավելագույն կերպով՝ արտանետելով միայն դրա չնչին մասը:
Սեմինարի ավարտին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հայտնեց իր գոհունակությունը՝ նշելով, որ խումբն իրականացրել է մեծածավալ աշխատանք: Անդրադառնալով իրականացվող հետազոտություններին՝ պրոռեկտորն ընգծեց առաջարկությունների դերը և նշեց, որ դրանք պետք է այնքան արժեքավոր լինեն, որ կառավարության կողմից պահանջարկ ունենան:
Գիտական սեմինարը եզրափակեց «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ նշելով, որ կենտրոնում լուրջ հետազոտություններ են իրականացվում, լավ գաղափարներ են հնչում, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը: Այս ուղղությամբ, նրա խոսքով, կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է որոշակի քայլեր նախաձեռնել:
Комментариев нет:
Отправить комментарий