Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի ընդհանրական մոտեցումները:
Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձևավորվող համակարգը
պետք է ապահովի հետևյալ սկզբունքների անշեղ գործադրումը՝
1.
Կենսաթոշակային ապահովությունը անձի իրավունքն է:
Այս իրավունքի
իրականացման համար սահմանվում են պարտադիր պետական, կամավոր-մասնավոր (անձնավորված)
և կամավոր-կոորպորատիվ համակարգեր: Պետք է սահմանվի, որ ցանկացած համակարգով անձի անունով
կամ հաշվին ձևավորված կենսաթոշակային միջոցները կարող են ամբողջությամբ ժառանգվել,
ինչպես նաև ժառանգի ցանկությամբ դրանք միանվագ վճարվել: Վերջին դեպքում կարող է սահմանվել
դիսկոնտավորման պայման:
2.
Կենսաթոշակային ապահովությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
Պետությունը պետք է նախատեսի մարդու կենսաթոշակային ապահովության
իրականացման համար լայն մասնակցության հնարավորություն՝ հասարակության բոլոր շերտերի
ընդգրկմամբ: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային
համակարգի գործունեությունը պարտադիր է:
3.
Հաշվետվողականություն:
Կենսաթոշակային
ողջ համակարգը պետք է գործի հրապարակայնության, հանրային և մասնավոր մասնակցային վերահսկողության
սկզբունքներով: Պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը մշտապես պետք է
գտնվի կառավարության և կենտրոնական բանկի հսկողության, ինչպես նաև Ազգային ժողովի և
քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո: ՀՀ կենտրոնական բանկը օրենքով սահմանված
հանրային պատասխանատվություն պետք է կրի իր կողմից իրականացվող կարգավորումների շրջանակում:
4.
Անհրաժեշտ համարժեքություն:
Կենսաթոշակային
համակարգի գործունեության արդյունքում վճարվող թոշակի մեծության համար թիրախային պետք է հանդիսանա նվազագույն սպառողական զամբյուղի կամ միջին աշխատավարձի մեծությունը (կապը կարող
է սահմանվել որոշակի տոկոսային հարաբերակցությամբ): Այն պետք է ապահովի նաև արդար կապ
վճարված միջոցների և ստացվող թոշակի մեծության միջև:
5.
Կենսաթոշակների
ինդեքսավորում:
Կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը և պարբերաբար պետք է ինդեքսավորվեն: Ինդեքսավորման պահանջը և կանոնը պետք է սահմանվեն
օրենքով:
6.
Աշխատանքի և ժողովրդագրության խթանում:
Համակարգը պետք
է խթանի ավելի երկար աշխատանքային գործունեությանը, օրինակ՝ ավելի ուշ թոշակի գնացողի
փոխհատուցման գործակիցն ավելի բարձր է կամ սահմանվում է հավելում: Կենսաթոշակային համակարգին
կատարվող վճարումները այն անձանց մասով, ովքեր աշխատաշուկայից ժամանակավորապես դուրս
են գալիս երեխա ունենալու կամ զիվորական ծառայության մեկնելու կապակցությամբ, պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին:
7. Կենսաթոշակային նպատակային վճարներ:
Պարտադիր սոցիալական
ապահովության (ապահովագրության) վճարները /այսուհետև՝ նաև սոցապ վճար/, որոնք ներկայումս
գործող եկամտային միասնական հարկում ներառված են՝ պետք է առանձնացվեն պետական բյուջեի հատուկ հաշվում կամ պետական կենսաթոշակային ֆոնդում: Այս միջոցների
հատուկ հաշվառումը պետք է ապահովվի 3-5 կետերում ներկայացված մոտեցումները: Ընդ որում,
եթե քաղաքացին ցանկանում է գումարը վստահել մասնավոր կենսաթոշակային ֆոնդին /իր անձնական
հաշվում կուտակում իրականացնելու նպատակով/, ապա պետք է ընտրի այդպիսի ֆոնդ և կատավարիչ,
որի դեպքում վճարը ամբողջությամբ կամ մի մասով ենթակա չէ գանձման պետական բյուջե կամ
պետական կենսաթոշակային ֆոնդ: ՀՀ կառավարությունը պետական բյուջե կամ պետական կեսաթոշակային
ֆոնդ փոխանցված գումարները մասնավոր կառավարիչներին հանձնելու դեպքում, այդպիսի հանձնումը
պետք է կատարվի բացառապես օրենքով սահմանված կանոնների և գրավոր պայմանագրի հիման վրա:
8. Չհարկվող նվազագույն եկամտի և անձի ընթացիկ ու հեռանկարային կենսաապահովման միջև խելամիտ հարաբերակցության սահմանում:
Նվազագույն (ստորին մակարդակի) եկամտից պահումներ չպետք է արվեն, ինչպես նաև պետք է հաշվի
առնվեն անձի ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Ներկայումս գործող եկամտային
միասնական հարկի դրուքաչափերը պետք է վերանայվեն նվազեցման ուղղությամբ: Դրուքաչափերի
կիրառման համար կարող են հիմք ընդունվել հարկման նպատակով բազային եկամուտը և դրա նկատմամբ
կիրառվող պատիկները: Հարկման նպատակով բազային եկամուտը որոշելիս կարող է կիրառվել.
անձի ստացած եկամուտը հանած նվազեցումները, որոնց մեջ նկատի են առնվում նաև սոցապ վճարները,
ինչպես նաև ընտանիքում անչափահաս երեխաների թիվը բազմապատկած սպառողական նվազագույն
զամբյուղի արժեքի ընդհանուր գումարը: Հարկային համակարգում անհրաժեշտ համարժեքության
ապահովման նպատակով զուտ եկամտային հարկի և շահութահարկի միջինացված տոկոսադրույքները
պետք է նույնական լինեն:
9.
Պետությունը, գործատուն և աշխատողը կենսաթոշակային ապահովման խնդրի լուծման անմիջական մասնակիցներ են:
Կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման և կայացման համար պետք է իրենց մասնակցությունն ունենան աշխատողը, գործատուն և պետությունը: Ընդ
որում, սոցապ վճարը կատարում են բոլոր աշխատող անձինք և գործատուները՝ առանց աշխատողի
տարիքային սահմանափակման ու առանց ընթացիկ հարկային բեռի ավելացման: Գործատուները իրենց
սեփականությամբ չեն կարող կրել որևէ պատասխանատվություն աշխատողի կողմից սոցապ վճարների
կամ կամավոր կուտակումների վճարները չկատարելու համար: Նրանք կարող են ենթարկվել միայն վարչական տուգանքի
կամ տույժի, ինչպես նաև քաղաքացիաիրավական պատասխանատվություն՝ ըստ աշխատակցի հետ կնքված
պայմանագրային դրույթների:
10.
Կազմակերպական արդյունավետություն:
Կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացվի համակարգի ծախսատարության կրճատման միջոցով: Ավելցուկային սկզբունքով
աշխատող կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները պետք է տեղաբաշխվեն ՀՀ տնտեսության
մեջ՝ ուղղակիորեն կամ պայմանագրային հիմունքներով
/օրենքով նախատեսված հատուկ երաշխիքներով ու պատասխանատվությամբ/ կարող են տրվել մասնավոր կառավարման: Ինչպես սոցապ վճարները, այնպես էլ կամավոր
կուտակված միջոցները կառավարման են հանձնվում այն կանոնի համաձայն, որը ֆոնդերի կառավարիչների
համար նախատեսում է վերջիններիս սեփականությունը հանդիսացող միջոցներով պատճառված վնասի
պատասխանատվություն (փոխհատուցում): Այս կանոնը պետք է հստակ նախատեսվի օրենքով:
11. Տարազանում (դիվերսիֆիկացիա):
Կենսաթոշակային համակարգի ռիսկերը նվազեցնելու համար պետական կենսաթոշակային հիմնական համակարգին զուգահեռ պետք է գործեն կենսաթոշակի կամավոր-մասնավոր (անհատական-անձնավորված) և կամավոր-կոորպորատիվ (կոլեկտիվ-անձնավորված) ձևերը: Խրախուսման և նպատակային
արտոնությունների համակարգի ներդրմամբ (այդ թվում՝ 12-րդ կետում թվարկված միջոցառումներով)
պետք է ստեղծել միջավայր, որպեսզի յուրաքանչյուր գործատու շահագրգռված լինի ունենալ
կորպորատիվ կենսաթոշակային առնվազը մեկ սխեմա, ինչպես նաև աշխատակիցը հնարավորություն
ունենա աշխատանքային գործունեության իր նախընտրած ժամանակահատվածում (ժամանակահատվածներում)՝
առնվազը 180 ամիս կատարել խնայողություններ (կուտակումներ): Համակարգը պետք է նպաստի,
որպեսզի նման տնտեսական արդյունքը հասանելի լինի նաև երկարաժամկետ բանկային ավանդի
ներդրման դեպքում: Աշխատակցի բացառիկ իրավունքն
է ընտրել խնայողություններ կատարելու (կուտակումների) մասին որոշումը, ձևը, ամիսները,
ինչպես նաև մասնակցել կամ չմասնակցել գործատուների առաջարկած կենսաթոշակային կոորպորատիվ
սխեմային (սխեմաներին):
12. Կամավոր կուտակումների խթանում:
Կամավոր կենսաթոշակային
համակարգում պետք է ազատել հարկից այն գումարը, որն ուղղվել է կենսաթոշակային ֆոնդին
/օրինակ՝ ներկայումս տնօրինվող աշխատավարձից կատարված կամավոր կուտակումները, դրանք
կենսաթոշակների ձևով ստանալիս հարկվում են/:
Պետք է հանել կամավոր
կուտակային համակարգին փոխանցվող գումարի 5 տոկոսանոց սահմանափակումը և նախատեսել դրույթ,
որ փոխանցված գումարի չափով նվազեցվում է եկամտահարկը, բայց ոչ ավել, քան մինչև փոխանցումը
հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսը:
Գործատուի կողմից
իր աշխատակիցների համար կենսաթոշակային հատկացումներ կատարելիս (այդ թվում՝ կորպորատիվ
սխեմայով), հնարավորություն պետք է տրվի նրա շահութահարկը նվազեցնել հաշվարկված շահութահարկի
մինչև 50 տոկոսի չափով: Ընդ որում, այս արտոնությունը կարող է գործել միայն այն գործատուների
(բացառությամբ՝ ՓՄՁ-ների) համար, որոնց ֆինանսատնտեսական գործունեությունը ենթարկվում
է աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից:
Պետք է օրենսդրորեն
հնարավորություն տրվի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց կամավոր կարգով
մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պետական բյուջեից կատարելով ներդրված
գումարի մինչև 100 տոկոսի չափով համավճար: Անհատը կարող է ինքնուրույնաբար, ազատ կամահայտությամբ
ընտրել իր կենսաթոշակային միջոցների կառավարիչներին և կնքել երկկողմ պայմանագիր:
Օրենսդրորեն հնարավորություն
պետք է տրվի արտաքին տրանսֆերտները կամավոր կուտակային համակարգում ներդնելու համար՝
պետական բյուջով երաշխավորելով տարեկան առնվազը 10 տոկոս եկամտաբերություն, եթե ներդրվող
գումարը դուրս չի բերվում համակարգից 10 տարի և յուրաքանչյուր լրացուցիչ հաջորդ տարվա
համար եկամտաբերությունը կարող աճել 1 տոկոսով:
Օրենսդրորեն պետք
է ամրագրել՝ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների համար հավելյալ կիրառում
են կամավոր կենսաթոշակային սխեմաներ,
·
առավելություն կստանան պետական գնումների համակարգում
/օրինակ՝ առավել մեծ գումարներ վճարողները կունենան առավել մեծ հնարավորություններ/,
·
առաջին 20 խոշոր
կուտակային գումարներ վճարողները կներգրավվեն վարչապետին կից խորհրդի կազմում, կարող
են քննարկել համակարգի զարգացման հարցերը և առաջարկություններ իրացնել գործարար միջավայրի
բարելավման ուղղությամբ,
·
ՓՄՁ սուբյեկտներում
յուրաքանչյուր աշխատատեղի համար, ըստ կիրառման հնարավորության, կսուբսիդավորվի ստացված
վարկի տոկոսը՝ յուրաքանչյուր աշխատատեղի համար՝ վարկի տկոսադրույքի 0.1 տոկոսը, սակայն
ոչ ավելի քան վարկի տոկոսադրույքի 50 տոկոսը:
13. Կենսաթոշակային միջոցների կառավարման հասանելիության ապահովում:
Ակտիվների՝ տեղական և միջազգային
լիցենզավորված կառավաիչները հավասարապես պետք է հնարավորություն ունենան կառավարել
կենսաթոշակների համար կատարված խնայողությունները (կուտակված միջոցները): Կենսաթոշակային
միջոցները չեն կարող ներդրվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող
կամ թշնամական տրամադրված երկրների, ընկերությունների արժեթղթերում: Կենսաթոշակային
համակարգի մասնակիցների ընտրության համար պետք է ապահովել նվազագույնը 3-4 կենսաթոշակային
միջոցների կառավարիչների առկայություն: Կենսաթոշակային միջոցների ներդրման առաջնային
ոլորտ է դիտվում Հայաստանի և Արցախի տնտեսությունը:
14. Կամավոր կուտակումներից, ըստ կարիքի միջոցների օգտագործում:
Կամավոր կուտակային համակարգում
մուտք գործող գումարները մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին, ըս պայմանագրի
պետք է կարողանա օգտագործել, եթե ցանկանում է սուբսիդավորել (ֆինանսավորել) իր
·
ժամանակավոր անաշխատունակությունը,
·
կամ իր ամուսնու
կամ երեխայի բժշկական ծախսերը,
·
ծնողների կենսաթոշակային
ծախսերը,
·
երեխաների կրթության
ծախսերը,
·
անշարժ գույքի
ձեռբերման համար հիպոթեկային վարկերը:
Ժամկետից շուտ
միջոցների օգտագործման դեպքում կարող է կիրառվել դիսկոնտավորման սխեմա, որի դեպքում
հաշվարկային տոկոսադրույքը (դիսկոնտը) չի կարող ավելին լինել, քան միջոցների կառավարման
նախորդ ժամանակահատավածի միջին եկամտաբերությունն է:
15.
Նոր համակարգի ներդրման անցումային
փուլում պետք է ապահովվի քաղաքացու իրավունքների լիարժեք իրականացումը:
2014 թվականի հունվարի
1-ից հետո պարտադիր կուտակային համակարգի միջոցով աշխատողի աշխատավարձից՝ վերջինիս
կամահայտնությանը հակառակ պահված և կենսաթոշակային ֆոնդերին փոխանցված գումարները ենթակա
են քաղաքացիներին վերադարձման կամ քաղաքացու ընտրությամբ դրանք կարող են ուղղվել նոր
համակարգի շրջանակներում ներդրվող սոցապ վճարների ապագա մուծումներին՝ կանխավճարի տեսքով,
կամ կամավոր կուտակումներին: Ընդ որում, կենսաթոշակային պարտադիր համակարգի մասնակից
մասնավոր ինստիտուտների՝ դեպոզիտարիայի, ռեեստրի, ֆոնդի կառավարչի կատարված ծախսերը
փոխահատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ քաղաքացիների գումարները ամբողջությամբ
վերադարձնելու պահի դրությամբ:
Սահմանադրական
դատարնի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ սահմանված բոլոր տեսակի ենթաօրենսդրական
ակտերը, որոնցով նախատեսված պահանջները չեն կարող սահմանվել կառավարության կամ կենտրոնական
բանկի կողմից՝ ներառյալ կամավոր բաղադրիչի շրջանակներում ֆոնդերի միջոցների ներդրման
սահմանափակումները, կենսաթոշակային միջոցների կառավարիչի և պահառուի պատասխանատվությունը,
պետք է հստակ սահմանվեն նոր օրենքով:
Комментариев нет:
Отправить комментарий