Բարի Գալուստ....

пятница, 10 октября 2014 г.

Վարչապետի հանձնարարականը չի լուծում բուն խնդիրը

Վարչապետի նոր հանձնարականով կարգավորվում է միայն շրջանառության հարկ վճարողների շրջանում գույքագրման պահանջը երկարաձգման հարց, սակայն անդրադարձ չկա կարևոր պահանջին: Այս մասին Newsline-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հանձնարարականին, որով Ֆինանսների նախարարին պարտավորեցվել է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և Կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015-ի փետրվարի 1-ը: 

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գույքագրման հետաձգման հարցը Կառավարության հրամանով չի կարող կարգավորվել, այլ օրենքով, հետևաբար մոտակա ժամանակներս պետք է սպասել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագծի:
«Գույքագրումից բացի, հիմնական խնդիրը փաստաթղթավորման հարցն է, ՓՄՁ-ները հոկտեմբերի 1-ից սկսած պարտավոր են իրենց կողմից ձեռք բերված ապրանքների համար ունենալ փաստաթղթավորում՝ ողջ ծավալով: Դրա մասին հանձնարարականում ոչինչ չի ասվում: Բացի այդ, հանձնարարականում ոչինչ չի ասվում փաստաթղթավորման պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվություն չկիրառելու մասին, իսկ դրանք շատ խիստ են, մասնավորապես՝ առաջին անգամ ապրանքի փաստաթուղթ չունենալու դեպքում՝ նախազգուշացում, երկրորդ անգամ՝ 20000 դրամ տուգանք, երրորդ անգամ՝ շրջանառության 5 տոկոսի չափով տուգանք, չորրորդ անգամ՝ անցում ընդհանուր հարկման ռեժիմ, այսինքն՝ դառնում են ավելացված արժեքի հարկ վճարող՝ անկախ շրջանառության ծավալներից»,- նկատեց Պարսյանը՝ հավելելով, որ, ըստ էության, ՓՄՁ-ների հիմնական ու գլխավոր պահանջը չի կատարվել, և պատասխան չկա:
Տնտեսագետը համոզված է, որ Կառավարությունը, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ զուգահեռներ տանելով, կես քայլ է անում, սակայն չի փոխում օրենքը և չի լուծում բուն խնդիրները, այլ կերպ ասած՝ զիջումները բավարար չեն: Նրա խոսքով՝ նման կես քայլը պայմանավորված է ՓՄՁ-ների ներկայացուցիչների գերակտիվությամբ, ինչպես նաև ազդեցություն ունեցավ նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչների լոբինգը, որոնք իրենց հնարավորություններով կարողացան ազդել Կառավարության վրա:
Սուրեն Պարսյանը համոզված է, որ Կառավարությունը զուգահեռներ է տարել «Դեմ եմ» շարժման հետ և չի թերագնահատել հարցի լրջությունը, ինչպես և նախկին Կառավարությունը «Դեմ եմ»-ի դեպքում, այդ է պատճառը, որ փորձ է արվել ընդառաջ գնալ դժգոհ քաղաքացիներին:
«Անցած շաբաթ բողոքի ակցիաների ընթացքում ՓՄՁ-ների ներկայցուցիչները սպառնացել էին, որ եթե հարցը չլուծեն, ապա կմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Կառավարությունը, բնականաբար, այդ հարցին պետք է լուծում տար և չնպաստեր բողոքի ալիքի բարձրամանը: Կառավարության՝ նման լուծումը միտված է կանխելու բողոքի ալիքը, ինչն, անշուշտ, ողջունելի է, սակայն այն դեռևս մնում է նախագիծ ներկայացնելու մակարդակի վրա և ամբողջական չէ: Իմ կարծիքով, ներկայացվելիք նախագծով նվազագույնը պետք է նաև հետաձգել փաստաթղթավորման պահանջը չկատարելու մասին օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- եզրափակեց  տնտեսագետը:

Հարցազրույցը վարեց Լիլիթ Լալայանը:

Комментариев нет:

Отправить комментарий