Բարի Գալուստ....

воскресенье, 27 апреля 2014 г.

«Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը արդեն լույս է տեսել

ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի 16 հոգուց բաղկացած հեղինակային խումբը՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ընդհանուր  ղեկավարությամբ և խմբագրությամբ, այսօր ՀՊՏՀ կոլեկտիվին ներկայացրեց  «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկը: Նոր հրատարակության  շնորհանդեսին ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:
 ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից հրատարակության երաշխավորված ձեռնարկում  ներկայացված են ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման, կառավարման, ձեռնարկատիրության պետական կարգավորման, ներդրումների և ներդրումային գործունեության, մրցակցային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև  ձեռնարկատիրական ռիսկերի, ձեռնարկատիրական գործունեության անվտանգության և արդյունավետության խնդիրները,  առանձնահատուկ տեղ են զբաղեցնում արդյունաբերական քաղաքականության հիմնահարցերը:  Հեղինակային խումբը համոզված է, որ հաջողվել է լավագույնս համատեղել ժամանակակից տեսական և մեթոդաբանական մոտեցումները գիտագործնական վերլուծությունների հետ:

Շնորհանդեսի մուտքն ազդարարեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ներկայացնելով նոր հրատարակությունն ու շեշտելով, որ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը՝ պրոֆեսոր Մելքումյանի գլխավորությամբ լուրջ աշխատանք է կատարել:
Միքայել Մելքումյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում սա ամբիոնի 2-րդ հրատարակություն է, որը երաշխավորվել է ՀՊՏՀ գիտական խորհհրդի կողմից: «Սա 16 գիտաշխատողների, գործընկերների միասնական աշխատանքի արդյունք է և պետք է նշել, որ այդ աշխատանքները  համատեղ ներկայացնելը բավականին դժվար էր»,- նշեց պրոֆեսորը: Նա շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ անձամբ ռեկտոր Կորյուն Աթոյանին, բուհում վերջին երկու տարում ստեղծված ստեղծագործական մթնոլորտի, գիտահետազոտական աշխատանքներում ֆինանսական ներդրումներ կատարելու համար: Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ձեռնարկում  բովանդակային մեծ կշիռ են կազմում ուսումնամեթոդական (տեսական)  և կիրառական մասը: Նրա հավաստմամբ՝ ծրագիրը և կարդացվող դասախոսությունը համապատասխանում են միմյանց:

Ձեռնարկի համահեղինակներն առանձին-առանձին ներկայացրեցին իրենց  կատարած աշխատանքը, միաժամանակ հնչեցնելով առաջարկներ: Ձեռնարկի համահեղինակներն են՝ տ.գ.դ. պրոֆեսոր Մ. Մելքումյան, տ.գ.թ., դոցենտներ  Ա. Եղիազարյան, Մ. Հարությունյան, Զ. Թումասյան, Ֆ. Բահարյան, Ա. Սիմոնյան, Հ. Ղազարյան, տ.գ.թ., ասիստենտներ Ա. Քալանթարյան, Հ. Գաբրիելյան, Ա. Ավետիսյան, Ա. Առաքելյան, դասախոս Մ. Ավետիսյան, ասիստենտ Մ. Տոնոյան, ասպիրանտներ Ս. Պարսյան և Հ. Հովակիմյան, հայցորդ Ա. Անտոնյան:
Շնորհանդեսի ընթացքում շնորհավորական և աշխատանքն արժևորող խոսքով հանդես եկան պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, գրքի գրախոսող պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, դեկան Աշոտ Մաթևոսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը  և ուրիշներ: Ընդգծվեց մայրենի լեզվով ուսումնական ձեռնարկներ ունենալու կարևորությունն ու դրա նշանակությունը մասնագիտական գրականության շտեմարանի հարստացման գործում:
Շնորհանդեսը եզրափակեց Կորյուն Աթոյանը՝ նշելով որ ցանկացած գրքի շնորհանդես համալսարանի համար հպարտություն է, և սա հպարտանալու հերթական առիթն էր: «Որպես բուհի ռեկտոր՝  ես ցանկանում եմ, որ բոլոր ամբիոնները կատարեն նման  աշխատանք. դա կլինի լավագույն նվերը և' բուհի, և' ուսանողների համար»,-ասաց ռեկտորը՝ երախտագիտության խոսք հղելով ամբիոնի կազմին՝ շնորհակալ գործ կատարելու համար և մաղթեց հետագա հաջողություններ: Կորյուն Աթոյանը նշեց, նաև, որ բուհը քայլեր կձեռնարկի ուսումնական ձեռնարկների տպագրության ծախսերն իր վրա վերցնելու ուղղությամբ: 
  

  

Комментариев нет:

Отправить комментарий