Հոդված 1. ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետև` օրենք) 86-րդ հոդվածում՝
- 2-րդ մասում ՙ2014 թվականի հունվարի 1-ից՚ բառերից հետո լրացնել ՙբացառությամբ սույն հոդվածի 2.1 և 2.2 մասերով նախատեսված դեպքում՚ բառերը,
- լրացնել 2.1 և 2.2 մասերը՝
ՙ2.1. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձինք մասնակցում են պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դիմում ներկայացնելու միջոցով՝ հետևյալ առանձնահատկությամբ՝
1) պարտադիր կուտակային համակարգին մասնակցելու ցանկություն ունեցող վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացող անձը գրավոր դիմում է ներկայացնում նաև գործատուին՝ նշելով 38-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված տվյալները,
2) վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող անձանց համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու գործատուների սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը առաջանում է ա) կետում նշված դիմումի՝ գործատուին ներկայացնելու ամսին հաջորդող ամսվանից:
2.2. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 39-րդ հոդվածի պահանջները տարածվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք կամավորության սկզբունքով՝ սույն հոդվածի 2.1 մասով սահմանված կարգով, մասնակցում են պարտադիր կուտակային համակարգին:՚
- 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 87-րդ հոդվածում՝
- 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝
ՙԱռանց սույն օրենքի 86-րդ հոդվածի 2.1-րդ կամ 2.2-րդ մասերով նախատեսված կամահայտնության առկայության, սույն օրենքի 5-րդ հոդված 1-ին մասում նշված անձին՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կուտակային բաղադրիչում ընդգրկելու դեպքում՝ անձի (մասնակցի) օգտին (համար) կատարված պարտադիր կուտակային վճարները, ինչպես նաև դրանց ներդրումից ստացված եկամուտները՝ ամբողջ ծավալով վերադարձվում են անձին:
Սույն մասով նախատեսված գումարները անձին վերադարձնելուց հետո 10 օրյա ժակետում կատարվում է վերահաշվարկ և պետական բյուջե է վերադարձվում սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետական բյուջեից մասնակիցների օգտին (համար) կատարված վճարումները և դրանց ներդրումից ստացված եկամուտները, որոնք կարող են նվազեցվել առավելագույնը միայն սույն օրենքի 9-րդ գլխով սահմանված և մատուցված ծառայությունների համար՝ դրանով նախատեցված չափով:՚
- լրացնել 2.1 մաս՝
ՙ2.1 Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը օրենքի 76-րդ հոդվածի՝ պատասխանատվություն նախատեսող դրույթները կիրառվում են պարտադիր կուտակային բաղադրիչի այն մասնակցի (նրա համար պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտականություն ունեցող անձի՝ հարկային գործակալի) նկատմամբ, ում համար այդ պարտավորությունը առաջացել է սույն օրենքի 86-րդ հոդված 2-րդ մասի համաձայն:՚
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված գումարը վերադարձվում է անձին (մասնակցին) սույն օրենքն ուժի մեջ մտնելու 16-րդ օրվանից սկսած՝ 20 օրյա ժամկետում, եթե անձը (մասնակիցը), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրյա ժամկետում չի ներկայացրել կամահայտնություն՝ սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգով:
Սույն հոդվածով սահմանված ժամկետում անձին (մասնակցին) գումարը չվերադարձնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է վերադարձման ենթակա գումարը տվյալ պահին փաստացի տիրապետողի նկատմամբ:
Եթե անձի (մասնակցի) օգտին (համար) կատարված պարտադիր կուտակային վճարների հաշվին, մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը ձեռք են բերվել կենսաթոշակային ֆոնդի փայեր, սակայն գումարները սույն օրենքով նախատեսված կարգով ենթակա են վերադարձման, ապա դրանք վերադարձնելու համար մասնակիցների ռեեստրը վարողը և կենսաթոշակային ֆոնդի պահառուն պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 16-րդ օրվա դրությամբ կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը և դրանց փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնում բացված հատուկ գանձապետական հաշվին՝ դրանք սույն հոդվածով սահմանված ժամկետում անձին (անձանց) վերադարձնելու համար:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք ազատվում են կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունից, իսկ գանձված տույժերը վերադարձվում են՝ սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 30 օրյա ժամկետում:
Պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք 2014 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ցանկացած հաշվետու ժամանակահատվածի համար կուտակային վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում:
Սույն օրենքին համապատասխան գումարների վերադարձի կազմակերպման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օրյա ժամկետում սահմանված կարգով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Օրինագծի ընդունումն ուղղված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշմամբ (այսուհետև՝ նաև Որոշում) ամրագրված առանձին պահանջների կատարմանը:
Ինչպես ամրագրված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասում «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին»: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները օժտված լինելով բարձր իրավաբանական ուժով, պահանջում են օրենքների համապատասխանեցում այդ որոշումներին:
Նման դիրքորոշումն արձանագրված է նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1142 որոշման պատճառաբանական մասի(իրավական դիրքրոշումների) 18-րդ կետում, համաձայն որի ՀՀ կառավարությունը և ԱԺ-ն՝ իրենց իրավասության շրջանակներում համապատասխան իրավակարգավորումներ պետք է իրականացնեն՝ պաշտպանելու համար մարդկանց սեփականության իրավունքը: Նույն որոշման համաձայն, քննության առարկա օրենքի հետագա համարժեք փոփոխությունների ու նաև կիրարկման հետ կապված բոլոր հարցերի լուծումը գտնվում է օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում:
Քանի որ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշումը հիմնականում վերաբերում է ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքին, ապա անհրաժեշտություն է առաջանում այս օրենքի մի շարք հոդվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ:
Առ այդ, օրինագծով իրացվում է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը պարտադիր կուտակային բաղադրիչում սեփականության իրավունքի պաշտպանության ապահովման պահանջը, որպես Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված մարդու հիմնական իրավունքի գերակայություն և անմիջականորեն գործող իրավունք:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1142 որոշման եզրափակիչ մասի 1-5–րդ կետերով՝ դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել՝
- օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամահայտնությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման,
- օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկբունքների խախտման համար,
- օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 41-րդ հոդված 4-րդ մասի, 44-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթները, որոնցով կարգավորվող հարաբերությունները՝ Սահմանադրության 83.5 հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան պետք է կարգավորվեն օրենքով,
- օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթները, որոնցով հանարավորություն է ընձեռվում սահմանափակել սեփականության իրավունքը գույքի արգելանքի միջոցով՝ վարչական ակտի հիման վրա և նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ դրույթներին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:
Որոշման 6-րդ կետով Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ օրենքի 7-րդ հոդված 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների շրջանակներում, այն սահմանադրաիրավական բովանդակությամբ համաձայն որի, դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան:
Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերի նկատմամբ Որոշման 7-րդ կետով սահմանվել է դրանց ուժը կորցնելու ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված տարաժամկետում՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
Ինչպես փաստարկված է այդ կետում՝ տարաժամկետումը կիրառվում է այն հիմնավորմամբ, որ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են ՀՀ շուրջ 50 օրենքների և 80-ից ավելի ենթաօրենսդրական ակտերի հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերնայման, ինչպես նաև անհրաժեշտ է ապահովել համակարգային առումով իրավական անվտանգությունը և հնարավորություն տալ ՀՀ Աժ-ին և Կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները: Նույն կետով Սահմանադրական դատարանը նշել է, որ որոշումից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով, հաշվի առնելով Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկի: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը նախատեսել է անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտի հետադարձ ուժի կիրառման հնարավորությունը: Որոշման հրապարակումից հետո մասնագիտական և հանրային լայն շրջանակներում ներկայացվեցին իրարամերժ տեսակետներ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գործադրման հետ կապված: Տարաժամկետված ժամանակահատվածում պարտադիր բաղադրիչը գործադրելու կողմնակիցները, հիմնվելով Որոշման 7-րդ կետի վրա պնդում են, որ ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 15-րդ մասի համաձայն, տարաժամկետված նորմերը, մինչև դրանց իրավաբանական ուժը կորցնելը, համարվում են Սահմանադրությանը համապատասխանող, հետևաբար պարտադիր կուտակային վճարների գանձումը պետք է շարունակվի մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
Հակառակ տեսակետի կողմնակիցները հիմնվելով ամբողջական Որոշման և հատկապես դրա եզրափակիչ մասի 6-րդ կետի վրա, գտնում են, որ Որոշման հրապարակման պահից, պարտադիր կուտակային վճարների կատարումը և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը չի կարող պարտադրվել քաղաքացիներին: Դրանք կարող են լինել միայն կամավոր սկզբունքով: Ավելին՝պարտադրանքին դեմ հանդես եկողները գտնում են նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև Որոշման հրապարակումը, հաշվարկված, պահված և կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին փոխանցված գումարները ենթակա են անհապաղ վերադարձման, իսկ այդ պարտավորությունը չկատարած անձինք (գործատուները) ենթակա չեն պատասխանատվության: Այս տեսակետը հիմնավոր համարելով հարկ է փաստարկել հետևյալը.
- Ինչպես վերը նշվեց Որոշման 6-րդ կետն առաջնայնությունը տալիս է անձի սեփականության իրավունքի պաշտպանությանը, ինչը մարդու հիմնարար իրավունքներից է և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով գործում է անմիջականորեն: Որոշման 6-րդ կետում նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը դրվում է գործատուների վրա՝ աշխատակցի համաձայնությունից անկախ: Այսինքն՝ աշխատակցի սեփականությունը հանդիսացող աշխատավարձը, իր հայեցողությունից անկախ, ենթարկվում է սահմանափակման: Նույն կամահայտնությունից դուրս է նաև օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի, ֆոնդի կառավարիչի ընտրությունը և փայերի ձեռք բերումը: Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման՝ սրանք նույնպես չեն համապատասխանում Սահմանադրությանպահանջներին:
- ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն վերջիններիս համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտի մասը: Տվյալ դեպքում, Որոշման 6-րդ և 7-րդ կետերի իրավակարգավորմների համատեքստում՝ ակնհայտ է դառնում 6-րդ կետով առաջարկվող իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը: Այսպես, ըստ պարտադիր կուտակային վճարների կանխատեսվող վերլուծության՝ պարտադիր կուտակային բաղադրիչում ընդգրվող անձանց թիվը անցնում է 270.000-ից, իսկ նրանց համար (օգտին) կուտակային վճարումները կատարելու պարտավորություն ունեցող գործատուների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց, թիվը՝ մի քանի տասնյակ հազարից: Հետևաբար, եթե կա հակասություն, ապա այն պետք է կիրառվի բացառապես այս անձանց համար նախընտրելի իրավակարգավորման շրջանակներում, այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետի գերակայությամբ:
Բացի այդ, նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտի մասը կիրառելու կանոնի կիրառմամբ դիտարկենք ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերության և 15-րդ մասով սահմանված տարաժամկետման նորմի միջև հնարավոր հակասությունը: Այսպես՝ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերության համաձայն, ՙվիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի:՚: Իսկ ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերության համաձայն, եթե ՙվիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:՚ Հետևաբար՝ հաշվի առնելով նաև ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջները, այս նորմերի համադրումը հստակ հուշում է, որ տարաժամկետված ժամանակամիջոցում կարող են գործել Սահմանադրությանը հակասող ճանաչված այն դրույթները, որոնց գործողության դադարեցումը Որոշումը հրապարակելու պահին կարող են ծանր հետևանքների հանգեցնել հանրության և պետության համար և խաթարել այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը: Եվ հակառակը, օրենքի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված այն դրույթները, որոնք ոտնահարում են ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը իրավաբանական ուժը կորցրել են 2014 թվականի ապրիլի 2-ից և չեն կարող կիրառվել: Այսինքն՝ պարտադիր կուտակային վճարների կատարման և կենսաթոշակային ֆոնդի, ֆոնդի կառավարիչի պարտադիր ընտրության պահանջները դադարել են ապրիլի 2-ից:
- Այս եզրահանգման է եկել նաև Սահմանադրական դատարանը: Այսպես, 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշմամբ Սահմանադրական դատարանը անդրադառնալով տարաժամկետված նորմերի կիրառմանը նշել է, որ պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները(հատկապես իրավաստեղծ) պարտավոր են տարաժամկետված ժամանակահատվածում այնպիսի հնարավոր և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, որոնցով կկանխվեն ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-րդ մասի առաջին պարբերությունում նշված հետևանքները: Սահմանադրական դատարանը ընդգծում է, որՙհակասահմանադրական ճանաչված և տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, այլ այն պետք է իրականացվի` հաշվի առնելով տարաժամկետման հիմքում ընկած և օրենքով նախատեսված վերոհիշյալ գերակայություններից ու սահմանադրական հիմնարար սկզբունքներից բխող` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, բացառելով նաև հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում:՚
Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն 02.04.2014թ. ՍԴՈ-1142 իր որոշմամբ նշել է, որ մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների, այլ այդ հարցերում իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի սահամանադրական նորմերի անմիջական գործողության և, մասնավորես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներով (էջ 59, 18-րդ կետ):
Այսինքն՝ տարաժամկետված նորմերի կիրառման ընթացքում պետք է բացառել հանրության և պետության համար ծանր հետևանքների առաջացումը և իրավական անվտանգության համակարգի խաթարումը:
- ՙՍահմանադրական դատարանի մասին՚ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն, հետաձգման մասին որոշումն ընդունվում է այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար, և ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին: Մինչդեռ, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձի հայեցողությունից անկախ, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, շարունակել սահմանափակել նրա սեփականության իրավունքը՝ գանձել պարտադիր կուտակային վճար, նշանակում է, էլ ավելի վնաս պատճառել մարդու իրավունքներին և ազատություններին, խաթարել սեփականության իրավունքի պաշտպանության իրավական անվտանգության համակարգը, ձախողել պետության կողմից սահմանադրական այս պարտավորության իրականացումը՝ հանրությանը և պետությանը հասցնելով ծանր հետևանք: Մյուս կողմից՝ դադարեցնելով պարտադիր բաղադրիչի գործունեությունը և անձի կամահայտնությունը հաշվի առնելը, ապահովում է նրա սեփականության իրավունքի պաշտպանությունը, չի վնասում կուտակային կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությանը, ավելին՝ բարձրացնում է կամավոր կուտակային համակարգում սեփականության իրավունքի իրավական անվտանգության մակարդակը: Խնդիրը վերաբերում է նաև պարտադիր կուտակային վճարը կատարելու պարտավորություն ունեցող գործատուին:
Վերը նշված փաստարկները բավարար պետք է լինեին օրենքի պարտադիր բաղադրիչը դադարեցնելու համար: Սակայն ինչպես վերը նշվեց՝ ՍԴ Որոշման տարակերպ մեկնաբանությունները, որոնցից պարտադիր բաղադրիչը մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կիրառելու կողմնակիցները հիմնականում ՀՀ կառավարության ներկայացուցիչներն են, թույլ չի տալիս նաև գործողությունը դադարեցված համարել պարտադիր բաղադրիչի կիրառմանը վերաբերող ենթաօրենսդրական որոշ ակտեր (օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանը, որով եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվություններում պարտադիր կուտակային վճարի հաշվարկումը կատարվում է ինքնաշխատ եղանակով, ինչը ոչ միայն անձի սեփականության իրավունքի խախտման փաստի վերահաստատում է, այլ նաև ոչ իրավաչափ վարքագծային նորմ): Այսինքն՝ դրանց գոյությունը և կիրառումը շարունակում են վնասել քաղաքացիների և գործատուների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին:
Բացի վերը թվարկվածից, պարտադիր կուտակային բաղադրիչը մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գործելու մեկնաբանվող մոտեցումը իմաստազուրկ է, քանի որ՝
- այն չի համապատասխանում կուտակային բաղադրիչի, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգով ներկայացվող իմաստին ու նպատակին: Ինչպես հայտնի է, պարտադիր կուտակային բաղադրիչը ենթադրում է երկար ժամանակահատվածում կուտակային պարտադիր վճարների հաշվին ձևավորել անընդհատ մեծացող ֆոնդեր, որոնք հիմքում ունենալով երկար ժամանակահատվածն ու առնվազը 5 տոկոս անվանական աշխատավարձից հատկացումները պետք է մեծանային կուտակված միջոցների և դրանց տոկոսային եկամուտների հաշվին: Մի քանի ամսվա կուտակումները որևէ ձևով չեն կարող այս խնդիրը լուծել: Մինչդեռ սահմանադրությանը հակասող ճանաչված տարաժամկետված նորմերը 2014թ. սեպտեմբերի 30-ից հետո չեն գործելու, այսինքն պարտադիր կուտակումները սեպտեմբերի 30-ից հետո դադարում են, հետևաբար չեն կարող ապահովել ակնկալվող արդյունքները: Ուստի անտրամաբանական է դառնում մինչև այդ ժամկետի ավարտը գանձել պարտադիր կուտակային վճարները:
- մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա պետք է վերայնվի պարտադիր բաղադրիչին առնչվող օրենսդրությունը: Եթե անգամ, տեսականորեն, որևէ նոր պարտադիր վճար սահմանվի, այն որպես պարտավորություն չի կարող հետադարձ ուժ ունենալ: Առավել ևս, եթե Որոշման շրջանակներում այն կառուցվի գործատու-աշխատող-պետություն շղթայի վրա: Այս դեպքում, օրինակ՝ աշխատողի համար այն կդիտվի որպես նոր որակի պարտավորություն, որը որևէ առնչություն պարզապես չի կարող ունենալ հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային վճարի հետ, գործատուի համար այն ընդհանրապես նոր պարտավորություն է, իսկ պետության համար՝ բյուջետային նպատակային հատկացումների նոր պահանջ: Այսինքն, համակարգին մասնակցող բոլոր կողմերի համար այն նոր պարտավորություն է, իսկ որևէ նոր պարտավորություն կարող է գործադրվել միայն ու միայն այն սահմանող օրենքների ընդունումից հետո՝ հիմք ընդունելով նոր պարտավորություն կամ պատասխանատվություն առաջացնող նորմի հետադարձ ուժի կիրառման արգելքի Սահմանադրական սկզբունքը:
- բիզնես միջավայրի ապահովման գործում մեծ նշանակություն ունի գործարար և աշխատանքային հարաբերությունների որոշակիությունը և ժամկետայնությունը: Չնայած Որոշման համաձայն հավաքագրված պարտադիր կուտակային վճարների համար վերահաշվարկ պետք է կատարվի, սակայն պրակտիկայում մինչև սեպտեմբերի 30-ը կարող են առաջ գալ բազմաթիվ դեպքեր՝ գործատուների լուծարում, աշխատանքային պայմանագրի խզում և այլն, ինչպիսի պարագայում վերահաշվարկ կատարելը կդառնա անհնարին կամ ժամանակատար և աշխատատար՝ խաթարելով բիզնես միջավայրը:
- Որոշմամբ նախատեսված վերահաշվարկի շրջանակներում, մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը գանձված գումարները պետք է վերադարձվեն քաղաքացիներին կամ քաղաքացիների ցանկությամբ կարող են կուտակվել իրենց անձնական հաշիվներին: Փաստորեն, նշված ժամանակահատվածում քաղաքացին զրկվում է իր սեփականությունը տնօրինելու իրավասությունից, այդ թվում՝ հնարավոր ծախսեր կատարելու կամ այլընտրանքային եկամուտ ստանալու իր հայեցողական հնարավորությունից: Մյուս կողմից պետության մասնակցությունը ենթադրող գումարները ժամանակավորապես դուրս են բերվում պետակա բյուջեից՝ սահմանափակելով բյուջետային այլ ծախսումներ կատարելու կամ ավելի փոքր բյուջետային դեֆիցիտ ձևավորելու հնարավորությունները: Իսկ եթե անգամ, դրանք այս կարճ ժամանակահատվածում ապահովեն որոշակի եկամուտ, ապա հարց է առաջանալու, եթե սեպտեմբերի 30-ից հետո այդ միջոցները պետք է վերադարձվեն իրենց սեփականատերերին, ապա քաղաքացուն որքան գումար պետք է հետ վերադարձվի և որքան գումար պետք է վերադարձվի պետական բյուջե: Սա կարող է առաջացնել քաոսային վիճակ: Ուստի, մինչև սեպետմբերի 30-ը պարտադիր կուտակային վճարները գանձելը և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն կատարելուն քաղաքացիներին պարտադրելը, բացի հակաիրավականից նաև դառնում է իմասատազուրկ:
Ելնելով նշվածից, նպատակ ունենալով օրենքի մակարդակով ապահովել ՍԴ Որոշման մի մասի կատարումը, ինչը նաև այդ Որոշման պահանջ է, առաջարկվում է մինչև սեպտեմեբերի 30-ը օրենքով նախատեսված պարտադիր բաղադրիչը վերածել կամավորի: Այլ կերպ ասած՝ առանց անձի համաձայնության, արգելել նրա սեփականությունը հանդիսացող աշխատավարձից կուտակային վճարներ հաշվարկելը, պահելն ու փոխանցելը (այսինքն՝ գործատուները չեն կարող առանց իրենց աշխատակիցների գրավոր համաձայնության կատարել նշված գործողությունը): Ինչը նշանակում է նաև, որ նրանք չպետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության այն դեպքում, երբ չկա աշխատակիցների գրավոր դիմումը՝ կատարելու պարտադիր պահումներ:
Այլ խոսքով, նախագիծն ըստ էության նպատակ ունի անցումային փուլում, այսինքն մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, ապահովել իրավունքի գերակայությունը՝ հիմնված նորմատիվ իրավական ակտի որոշակիության, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության և անձի իրավական վիճակը բարելավող օրենքի հետադարձ ուժ ունենալու սահմանադրական սկզբունքների գործադրումը:
Նախագծի ընդունումը կարող է ձևավորել անհրաժեշտ վստահության միջավայր՝ ՍԴ Որոշմամբ սահմանված պարտադիր կուտակային համակարգի վերանայումների մշակման և իրականացման գործում հանրությանը արդյունավետորեն ներգրավելու հարցում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրինագծում փոփոխությունները, իրենց կարգավորման առարկայի շրջանակներում այլ օրենքներում փոփոխությունների կամ լրացումների չեն հանգեցնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Օրենքի փոփոխվող հոդվածների մասին (տեքստը)
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 86. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորության:
2. Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
3. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 87. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքով սահմանված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված կարգով կուտակված պարտադիր կենսաթոշակային միջոցները կարող են կուտակային կենսաթոշակային բաղադրիչից դուրս բերվել (այդ թվում` կենսաթոշակի տեսքով) 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործառույթները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий